Թուրքիան որևէ հետքայլ չի արել իր նախապայմաններից, Արցախից ու Ցեղասպանությունից հետո հասել են Արարատին․ Ռուբեն Մելքոնյան

«Փոխվել է ոչ թե Թուրքիայի իրական բնույթը, այլ այս իշխանությունների սին պատկերացումներն ու հռետորաբանությունը։ Երբ դիտարկում ենք փաստերը, ակնհայտ է, որ Թուրքիան որևէ հետքայլ չի արել իր նախապայմաններից և հակահայկական քաղաքականությունից։ Միակ տարբերությունն այն է, որ եթե նախկինում թուրքական իշխանությունները սպառնալիքներն ու նախապայմանները Հայաստանին փոխանցում էին միջնորդավորված, հիմա դա անում են ուղիղ, դեմառդեմ, երբեմն՝ միգուցե դեմքի այլ արտահայտությամբ, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Ուղղակի սուտ են իշխանությունների տարբեր ներկայացուցիչների այն պնդումները, թե իբր Թուրքիան չի պահանջում, որ Արարատ լեռը հանվի մեր խորհրդանիշներից»,- 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Արարատը մոռանալը թուրքական պահանջ է եղել դեռևս 1990-ականներից, և մեծ նախապայմանները՝ Արցախը, Ցեղասպանության հարցը և այլն, բավարարելուց հետո, շատ տրամաբանական է, որ Թուրքիան շարունակելու էր առաջ մղել մյուս նախապայմանները։

Այս իշխանությունները Թուրքիան ներկայացնում են գրեթե որպես դաշնակից։ Երբեմն մենք մտքեր ենք լսում, թե իբր ցեղասպանությունը ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանն է կազմակերպել։ Սա առնվազն ազնիվ գործելակերպ չէ հայ հասարակության հետ, քանի որ հասարակության գոնե այն հատվածը, որը հավատում է իշխանություններին, դառնում է իշխանական կեղծ քարոզչության զոհ։ Սրանք ներկայացնում են, թե իբր վտանգ չկա այնտեղից, որտեղից բխում է ամենամեծ վտանգը»,- ասաց պրոֆեսորը։

«Իշխանությունը վտանգի մասին խոսելը դարձրել է հետադեմ։ Եթե խոսում ես թուրքական սպառնալիքի մասին, կարող են պիտակավորել՝ որպես հետադիմություն, ժամանակավրեպություն, հեգնում ու ծաղրում են։ Այդ միտումները նկատվում էին դեռևս հինգ տարի առաջ՝ 2020-ի հուլիսին, երբ ասվում էր, որ Թուրքիայի միջամտությունը հավանական պատերազմին իրական է։

Իշխանամետ փորձագետները, որոնք հիմա ծվարել են պետական տարբեր տաքուկ անկյուններում, և կամ քաղաքական գործընթացների մեջ են՝ տարբեր կուսակցություններում, ծաղրում էին, գրում, թե՝ այսօր արթնացան, բայց Թուրքիան դարձյալ չի հարձակվել։ Դա պատասխանատվության զրոյական գիտակցում է»,- նշեց Մելքոնյանը։

Գիտնականի կարծիքով՝ սրանք խոսում են մի բանից, որից չեն հասկանում, ավելին՝ հասարակության մի հատվածին փոխանցում են կեղծ հանգստություն, ապատեղեկատվություն, որը կապված է գոյաբանական խնդիրների հետ, և այսօրվա վիճակը դրա հետևանքն է․

«Այս իշխանության արածը կարելի է անվանել հակադիվանագիտություն։ Սա դիվանագիտական գրված ու չգրված բոլոր օրենքներին, տրամաբանությանը դեմ գործընթաց է։ Նրանք թուրքական պահանջի լույսի ներքո կապել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Երբեմն հերթապահ արտահայտություն են կիրառում, որն ուղղակի ժպիտ է առաջացնում, թե իբր այս ամենը տեղի է ունենում առանց նախապայմանների։ Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ամեն հանդիպում գրված է մեծ նախապայմաններով, թուրք-ադրբեջանական նախապայմանների հաղթարշավն է»:

«Սրանք այնքան ապաշնորհ են գտնվել, որ քաղաքական բանակցությունների իրական օրակարգ է եկել այն, ինչը երբեք չի եղել, բայց թուրքական պահանջների մեջ մշտապես առկա է եղել, օրինակ՝ Արարատի հարցը։

Դեռևս 1990-ականներին թուրքական կողմի բանակցողներից ԱԳՆ պաշտոնյա, Հարավային Կովկասի գծով պատասխանատու Ջանդան Ազերը նշում է, որ առաջին հանդիպումներին իրենք Ժիրայր Լիպարիտյանի, Դավիթ Շահնազարյանի և այլոց մոտ հարց են բարձրացրել, թե ինչու է Արարատ լեռը պատկերված ՀՀ զինանշանի վրա։ Դա միշտ թուրքական բարդույթներից է եղել, բայց այդ հարցը երբեք չի դրվել սեղանի վրա»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյությում:

Տեսանյութեր

Լրահոս