
Դավիթ Փափազյանը` սկանդալային թնջուկի մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախկին տնօրենը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է հիմնադրամի գործունեությունը ձախողելու մեջ. միջազգային հետախուզման մեջ գտնվող Դավիթ Փափազյանը, օրինակ, գրառումներում նշում է.
«Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։
Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,
«ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմը համագործակցեց Օրբիսի հետ՝ պատրաստելու տաղանդավոր և աշխատասեր մասնագետների նոր սերունդ, որոնք ունակ կլինեին պաշտպանել մեր երկրի տնտեսությունը կիբեռհարձակումներից։
2024թ. ամռանը, նոր իրականությունից հուսալքված, Յուրին, Վարդուհին, Յաշան, Անուշը, Մերին, Գորը, Սևակը, Արմանը, Լիանան ու Նարեկը հրաժարվեցին աշխատանքից, իսկ պետական միջոցներով ձեռք բերված գերարդիական տեխնոլոգիան մնում է անտեսված ու փտում։ Ինչո՞ւ. Որովհետև Նիկոլ Փաշինյան-ը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբեռպաշտպանական կարողություններով»։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. իսկ առիթը ստեղծվեց Ժողովրդավարության ֆորումի ժամանակ հնչած հարցով։
«Հենց այն պահին, երբ հայտնվեց միջազգային հետախուզման մեջ, հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ՝ ինչ է արել: Լավ է՝ չի ֆայմել 4 տարի առաջ այդ հայտարարությունն անի, որ հիմա միջազգային կազմակերպությունները հերթով իրեն ճանաչեն քաղբանտարկյալ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` ԱՆԻՖ-ի շուջ կոռուպցիոն սկանդալների մասին հանրությունը տեղեկացել է իրենց թափանցիկ աշխատանքի շնորհիվ:
168.am-ը այս մեծ ոդիսականի առնչությամբ փորձեց ճշգրտել Դավիթ Փափազյանի դիրքորոշումը` նրա ֆեյսբուքյան օգտահաշվին ուղարկելով հետևյալ հարցադրումները.
-Պարոն Փափազյան, ֆեյսբուքյան գրառմամբ պնդում եք՝ Փաշինյանի կառավարության սխալների մասին և ԱՆԻՖ-ի շուրջ կատարվողի սլաքներն ուղղում դեպի Փաշինյան։ Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք Ձեր գրառմամբ, պատրա՞ստ եք ցուցմունք տալ։
-Օրերս Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱՆԻՖ-ի շուրջ ստեղծվածին, ասել է՝ ԱՆԻՖ-ի տնօրենը հենց հայտնվեց հետախուզման մեջ, հիշեց՝ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել։ Արձագանք ունե՞ք։
– Հայկական լրատվականներն անդրադարձել էին միջազգային մի կայքի հրապարակման, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի:
Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է․ «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»: Այս առնչությամբ ունե՞ք որևէ պարզաբանում։
Ի պատասխան` Դավիթ Փափազյանից ստացանք հետևյալ հակիրճ արձագանքը.
«Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ ԱՆԻՖ-ին վերաբերող հարցերը խնդրում եմ հասցեագրել Հակոբ Ենոքյանին վաղը՝ ժամը 12-ին։
Ինչ վերաբերում է GHF-ին, ապա քննարկումից առաջ խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ տեղեկատվություն ունեք AOHR UK-ի հիմնադրի, ֆինանսավորման և շահառուների վերաբերյալ»։
Հանուն արդարության պետք է ասել, որ մատնանշված ընկերության մասին համացանցային տեղեկությունները` մասնավորապես ֆինանսավորման և շահառուների վերաբերյալ բավականին աղքատիկ են։
Մենք լրացուցիչ հարցադրումներով փորձեցինք հստակեցումներ անել, Դավիթ Փափազյանը չարձագանքեց։
Նկատենք` վաղը սպասվում է Դավիթ Փափազյանի փաստաբան Հակոբ Ենոքյանի ասուլիսը։ Այս հարցադրումները 168.am-ը կուղղի նաև փաստաբանին։