
G7-ի անդամները քննարկել են Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Այս մասին նշվել է Եվրոպական միության կայքում հրապարակված համատեղ հաղորդագրության մեջ: Նիստը վարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:
«Մենք քննարկեցինք Ռուսաստանի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ նրան օգնող երրորդ երկրների դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը», – նշվել է փաստաթղթում։ Հայտարարության մեջ «Մեծ յոթնյակի» անդամները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ իր ազատությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում:
Նրանք խստորեն դատապարտել են Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային կարգի հիմքում ընկած հիմնական սկզբունքների ակնհայտ խախտումը: Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու Ուկրաինային բավարարել իր կարճաժամկետ ֆինանսավորման անհետաձգելի կարիքները, ինչպես նաև աջակցելու նրա երկարաժամկետ վերականգնման և վերակառուցման առաջնահերթություններին։
«Մեծ յոթնյակի» անդամները նաև հայտնել են իրենց մտադրությունը՝ շարունակելու ճնշում գործադրել Ռուսաստանի էներգետիկ և այլ ապրանքներից ստացված եկամուտների վրա:
«Մենք ողջունում ենք G7-ի ֆինանսների նախարարների միջև ընթացող քննարկումները՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի ակտիվների հետագա մոբիլիզացման վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Մեծ յոթնյակի» կազմի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն։