«Փաշինյանն ասաց՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը ռազմական հանցագործներ են». Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր կրկին քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ԱԺ-ում էր՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հարցը։

Նրան ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։ Մինչև հանդիպումն Էդգար Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը նախ ընդհատեց իր ելույթը, անուհետև անվտանգության աշխատակիցներին հորդորեց իրեն դուրս հանել։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի նախատեսում, որ խորհրդարանական լսումներին մարդուն հանեն դահլիճից, դա կարող է տեղի ունենալ միայն ԱԺ նիստերի ժամանակ։ Խորհրդարանական լսումների, ԱԺ քննարկումների, հանձնաժողովների նիստերի ժամանակ նման սանկցիա չի կարող լինել։ Հետևաբար, Ռուստամ Բաքոյանը պաշտոնական լիազորությունների չարաշահում է թույլ տվել»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումների և հայտարարության մասին, թե «Լևոն Տեր-Պետրոսյանին ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս», Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ՊԲ հրամանատարության ներքո իրականացրել է մարտական առաջադրանք, իրականացրել է բազմաթիվ այցելություններ Արցախի Հանրապետություն։

Կարդացեք նաև

«Նա Հայաստանում ընդունել է Արցախի նախագահին, մասնակցել է միջոցառումների, իր որդին ծառայել է Արցախի բանակում, ընդ որում՝ կամավոր, դիմում է գրել, որ ծառայությունն իրականացնի ՊԲ-ում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը մարտակոչեր է հնչեցրել, ռազմական գործողությունները ծավալվել են Արցախում, բայց նա ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել և հայտարարել է համընդհանուր զորահավաք։

Իր կինը 44-օրյա պատերազմի ժամանակ ստեղծել է կամավորական ջոկատ, ղեկավարել է այդ ջոկատը։ Ըստ իր այսօրվա հայտարարության՝ իրենք ամբողջ ընտանիքով ռազմական հանցագործներ են։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի և մեր մյուս նախագահների գործողություններում ոչ մի տարօրինակ, հակասահմանադրական, հակաօրինական բան չկա»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս