
Ըմբիշ Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի ավարտված առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Աշխարհի այս առաջնությանը շատ լավ մարզավիճակով էի ներկայացել: Ինձ մի փոքր չհերիքեց, որ աշխարհի չեմպիոն դառնայի:
Բայց ես համբերատար կսպասեմ իմ չեմպիոնությանը: Լավ գոտեմարտեր եմ ունեցել, միայն չհասկացա, թե կիսաեզրափակչում ինչ կատարվեց ինձ հետ: Ես ինձ չտեսա այդ պահի մեջ ու կորցրեցի իմ հնարավորությունը»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Նա հավելել է, որ լուրջ աշխատանք է տանում, որպեսզի իր սպորտային կարիերան հնարավորինս երկար տևի։