
Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ` Երևանի Չարենցի փողոցում․ բնակիչներն ահազանգում են

Տևական ժամանակ է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ողողել է մոտ 2 կմ-անոց ճանապարհահատված՝ հասնելով մարդկանց տներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բնակիչները նշել են, որ այս խնդիրը 20 տարուց ավելի է՝ ինչ կա, 20 տարի է՝ խոստանում են, որ պրոբլեմը կլուծեն, սակայն ոչ մի օգուտ:
«Վերջին ամիսներին ավելի է հաճախակիացել դիտահորից դուրս թափվող կեղտը՝ հասնելով սեփական տներ, լցվելով բակեր:
Երեխաները էս ճանապարհով են դպրոց գնում:
Ամեն անգամ զանգահարում ենք «Վեոլիա ջուր», ամեն անգամ նույն պատասխանն ենք ստանում՝ «Ձեր հայտը գրանցված է»:
Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա ինչքան ուզում ես՝ զանգի, օրվա որ ժամին ուզում ես՝ զանգի, չեն պատասխանում:
Կենտրոնի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան ենք դիմել, բայց ասում են՝ դա մեր խնդիրը չի, դրանով պետք է զբաղվի «Վեոլիա ջուր»-ը, «Վեոլիա ջուր»-ն էլ էս քանի տարի ա՝ ասում ա՝ խնդիրը կլուծեմ, բայց ձայն բարբառո հանապատի:
Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք, մնում է՝ դիմենք վարչապետին ու ասենք՝ դուք ասում եք՝ տրվել է 4-րդ Հանրապետության մեկնարկը, բայց մենք հիմա ի՞նչ՝ ձեր նշած 4-րդ Հանրապետություն մտելու ենք էս կեղտի պայմաններո՞ւմ:
Գոնե Կառավարությունը պարտավորեցնի մեր երկրին պատուհաս դարձած «Վեոլիա ջրին», որ խնդիրը լուծեն, իսկ խնդիրը լուծելը նոր, ավելի մեծ տրամաչափի ջրահեռացման խողովակ տեղադրելն է, քանի որ հինը տեղադրված է եղել սովետական տարիներին, իսկ հիմա գիտեք՝ էդ խողովաների մեծ մասը դարն ապրել է, գումարած նրան, որ բազմաթիվ տներ են ավելացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ջրահեռացման խողովակները կամ խցանվում են, կամ չի բավականացնում հոսքը, դրա համար էլ դիտահորից դուրս է գալիս ողջ կեղտը ու անցնում փողոցներով՝ լցվելով մարդկանց տներ»,- ասել են նրանք։