Թուրքիան փակել է AI ծառայությունները

Թուրքիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը արգելափակեց արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը։

Անկարայի դատարանի որոշմամբ արգելափակվել են Իլոն Մասկի «xAI»-ի մշակած Grok չաթբոթի X-հաշիվը և «Perplexity AI»-ի Ask Perplexity ծառայության էջը։ Սահմանափակման հիմք է դարձել երկրի ինտերնետային օրենսդրության 5651 օրենքի 8/A հոդվածը, որը թույլ է տալիս դատարաններին դադարեցնել առցանց ծառայությունների հասանելիությունը «ազգային անվտանգության» կամ «հանրային կարգի» պատճառաբանությամբ։

Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը հայտարարել էր, որ Grok-ի հրապարակած մոտ 50 գրառումներ վիրավորել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև կրոնական ու ազգային արժեքները։ Դատական մարմինները որոշել են, որ նման բովանդակությունը հակասում է երկրի օրենքներին, ինչի հետևանքով ամբողջական արգելք է կիրառվել Grok-ի X-հաշվի նկատմամբ։

Նույն գործընթացին ենթարկվել է նաև Ask Perplexity-ի էջը, թեև ընկերությունը որևէ քաղաքական կամ հակապետական հրապարակում չէր արել։ Որոշ իրավաբաններ ու խոսքի ազատության պաշտպաններ ընդգծում են, որ «ազգային անվտանգության» հիմնավորումը չափազանց լայն է ձևակերպված և կարող է օգտագործվել խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով։

Միջազգային մամուլը գրում է, որ Թուրքիան առաջինն է, որ պաշտոնապես արգելափակում է AI ծառայությունների հաշիվները՝ ոչ թե տեխնիկական կամ առևտրային պատճառներով, այլ բովանդակության հիմքով։ Սա առաջացրել է մտահոգություն, որ նման մոտեցումը կարող է օրինակ դառնալ այլ պետությունների համար՝ սահմանափակելու արհեստական բանականության գործիքների գործունեությունը։

Իսկ տեխնիկական տեսանկյունից, ըստ որոշ աղբյուրների, դեռ բոլոր օգտատերերը չեն կորցրել մուտքը Grok-ի և Ask Perplexity-ի էջերին, սակայն համապետական արգելափակման գործընթացն արդեն մեկնարկել է։

Տեսանյութեր

Լրահոս