
Վրաստանում շուրջ 30 ՀԿ-ներ համերաշխություն են հայտնել Գերմանիայի դեսպանին

Վրացական ՀԿ-ների ներկայացուցիչները համերաշխություն են հայտնել Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՀԿ-ների գնահատմամբ` դեսպան Ֆիշերը հետևողականորեն և քաջաբար պաշտպանում է ազատության, թափանցիկության և ժողովրդավարության սկզբունքները։
Հայտարարության մեջ նշված է, որ Պիտեր Ֆիշերը «Վրացական երազանք»-ի անհիմն և ագրեսիվ հարձակումների թիրախ է դարձել, և նրան ուղղված անձնական վիրավորանքներն ու հակաքարոզչությունը եզակի գործելակերպ չեն։
«Դրանք միտումնավոր և համակարգված ապատեղեկատվության և թշնամական արշավի մաս են կազմում, որն ուղղված է ոչ միայն Գերմանիայի, այլև այլ արևմտյան գործընկերների՝ այդ թվում՝ Եվրամիության, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների դեմ, որոնք տասնամյակներ շարունակ ամուր կանգնած են եղել Վրաստանի կողքին», — ասված է հայտարարության մեջ։
ՀԿ-ներն ընդգծել են, որ Գերմանիան և նրա գործընկերները մարդասիրական և զարգացման աջակցությունից մինչև ամուր դիվանագիտական ու քաղաքական աջակցություն միշտ եղել են վրաց ժողովրդի ամենահավատարիմ ընկերները։
Հայտարարությունը ստորագրել են՝
- Europe-Georgia Institute-ը (EGI)
- Transparency International Georgia-ն
- Tbilisi Pride-ը
- Democracy Research Institute-ը (DRI) և այլն։