
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում։ Այս մասին Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ասելիք ունի Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հասցված հարվածների առնչությամբ, ԱՄՆ նախագահն ասել է․«Իմ ուղերձն այն է, որ նրանք պետք է շատ զգույշ լինեն։ Նրանք պետք է ինչ-որ բան անեն ՀԱՄԱՍ-ի հետ կապված, բայց Կատարը Միացյալ Նահանգների մեծ դաշնակիցն է եղել։ Շատերը դա չգիտեն»։
Թրամփը հավելել է, որ իր կարծիքով Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին «հրաշալի մարդ» է, ով կարիք ունի «ավելի լավ հանրային կապերի», քանի որ մարդիկ Կատարի մասին բացասաբար են խոսում։ «Իսրայելը և մնացած բոլորը պետք է զգույշ լինեն», – նշել է Թրամփը։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։ Հարձակումը դատապարտման է արժանացել տարբեր երկրների կողմից։