
Քաթարի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը և պատժել Իսրայելին

Քաթարի վարչապետ շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին կիրակի օրը կոչ է արել միջազգային հանրությանը «դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը» և պատժել Իսրայելին՝ կատարած հանցագործությունների համար։ Այս մասին գրում է Al Arabiya-ն։
Շեյխ Մոհամեդը հանդես է եկել նախապատրաստական խորհրդաժողովում՝ Քաթարի կողմից կազմակերպված արաբ և մահմեդական առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ։ Գագաթնաժողովը հրավիրվել է այն բանից հետո, երբ Իսրայելը աննախադեպ օդային հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ Դոհայում, երեքշաբթի օրը։
Վարչապետը նաև նշել է, որ Իսրայելի «գործելակերպը» չի կանգնեցնի Դոհայի միջնորդական ջանքերը՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ՝ Գազայի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Արտգործնախարարները կիրակի օրը հանդիպել են Դոհայում՝ պատրաստվելու երկուշաբթի նախատեսված գագաթնաժողովին։
Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է «Քաթարի պետության վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ» բանաձևը, որը կձևակերպվի կիրակնօրյա նախարարական հանդիպման արդյունքներով։
Գագաթնաժողովը արտահայտում է «լայն արաբական և իսլամական համերաշխություն Քաթարի պետության հետ՝ Իսրայելի վախկոտ ագրեսիայի պայմաններում… և Իսրայելի պետական ահաբեկչության կտրուկ մերժում»,- ալ-Անսարիի խոսքն է մեջբերում Քաթարի պաշտոնական լրատվական գործակալությունը։