
Մյանմայում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 19 դպրոցական

Մյանմայի ազգային փոքրամասնությունների զինված խմբավորումը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռաքհայն նահանգի արևմտյան մասում խունտայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 19 դպրոցական, հաղորդում է AFP-ն։
Արականի բանակը (ԱԲ) կատաղի պայքար է մղում Մյանմայի իշխող զինվորականների հետ՝ Ռաքհայնի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում այն զգալի տարածքներ է գրավել։
Ռաքհայնում տեղի ունեցող հակամարտությունը Մյանմայում արյունալի քաոսի տարրերից մեկն է, որը տարածվել է այն բանից հետո, երբ զինվորականները 2021 թվականի պետական հեղաշրջման արդյունքում տապալել են Աուն Սան Սու Չժիի քաղաքացիական կառավարությունը, ինչն էլ հանգեցրել է լայնամասշտաբ զինված ապստամբության։
Շաբաթ օրը Արականի բանակը Telegram-ում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ Քյաուքթաու քաղաքի երկու մասնավոր միջնակարգ դպրոցների վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ կեսգիշերից անմիջապես հետո, ինչի հետևանքով զոհվել է 15-ից 21 տարեկան 19 աշակերտ, վիրավորվել է ևս 22 մարդ։
Մյանմայի տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ խունտայի ռազմական ինքնաթիռը միջնակարգ դպրոցի վրա երկու 500 ֆունտանոց ռումբ է նետել։ Այդ ժամանակ աշակերտները քնած են եղել։ Իր հայտարարության մեջ ՅՈւՆԻՍԵՖ-ը դատապարտել է «դաժան հարձակումը», որն, ըստ նրա, «ավելի է սրում Ռաքհայն նահանգում ավելի ու ավելի կործանարար բռնության պատկերը, ընդ որում, երեխաներն ու ընտանիքները դրա համար ամենամեծ գինն են վճարում»։