 
                        Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
 
                                    Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնելու անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        