Բաժիններ՝

Այցելել են Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանին

Մայիսի 18-ին Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը և Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզի գրասենյակի իրավաբան Արամայիս Մելքոնյանը հանդիպել են ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանին: Շարքային Ռաֆայելյանի հետ զրույցում զինվորը հավաստել է, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել, պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Խաչատրյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև իրեն տրամադրել մեկ այլ փաստաբան:

«Նախօրեին (մայիսի 17-ին.- խմբ.) որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին, որ ՊՆ աշխատակիցները խոչընդոտել էին Մարդու իրավունքների պաշտպանի մարզային աշխատակիցների մուտքը Լոռու մարզի կայազորի Վանաձորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան՝ հիմնավորելով, որ Լոռու մարզի կայազորի Վանաձորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան մուտք գործելու պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները չեն ունեցել գրավոր որոշում, ինչը պայմանավորված էր խնդրի հրատապությամբ, արագ արձագանքելու անհրաժեշտությամբ և այցի` ոչ աշխատանքային ժամով:

Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար:

Միաժամանակ Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանն իրավասու է անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ` զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում` նաև նախնական կալանքի և ազատազրկման վայրեր: Պաշտպանի գրավոր որոշմամբ վերոնշյալ լիազորությունները կարող են իրականացնել նաև Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները:

Նման բազմաթիվ այցերի ընթացքում երբևէ խոչընդոտներ չեն ստեղծվել որևէ հաստատություն մուտք գործելու համար:
Ավելին, խնդրի շուրջ բանակցություններ են վարվել Պաշտպանության նախարարության և վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ բազմիցս հավաստվել է Պաշտպանի աշխատակիցների լիազորված լինելու հանգամանքը:

Դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ զինվորը չի ենթարկվել դաժան վերաբերմունքի։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ բոլոր տեսակի բռնությունների բացառման երաշխիքը գործընթացների թափանցիկության և բաց համագործակցության մեջ է»:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս