Գոռ Քլոյանի մայրը` «դեմ» քվեարկողներին. «Իմ սևը թող իրանցը լինի, որ հասկանան»
«Կարամ ասեմ՝ վերջնականապես փլուզվեցինք, կոնկրետ ես՝ Քլոյան Ազատուհիս՝ Գոռի մայրը, վերջնականապես փլուզվեց …էլ ոչ մեկին ո´չ հավատում եմ, ո´չ բան: Մենակ մի բան կարամ ասեմ՝ հայոց աշխարհը մեծ բեմ ա, դերասաններն էլ` շատ լավը, բոլորը իրենց դերում շատ լավ խաղում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ կարծիք հայտնելով երեկ ԱԺ-ում Մարտի մեկի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի տապալման մասին:
1979 թ-ին ծնված Գոռ Քլոյանը վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա: Նա բեկորային վնասվածք է ստացել ձախ աճուկային շրջանում, մարմնից հանվել են մետաղի կտորներ (չերյոմուխա-ռիկոշետ):
Այսօր նրա մայրն ասում է, որ իր առողջական վիճակը վատացել է՝ իմանալով, որ հերթական անգամ գործի բացահայտմանը միտված քայլերը ձախողում են իշխանությունները:
«Գլխիվայր շուռ եկա, որովհետև երբ 2012 թ-ից հանձնաժողովը Ջհանգիրյանը ուզեց ստեղծել, մենք եղանք ԱԺ-ում և հույս ունեինք՝ գուցե մի բան կանեն: Ասում էինք՝ երևի խիղճ է արթնացել, ուզում են բացահայտել, պատժել հանցագործներին, որ մեր սրտերն էլ հովանան: Ու որ հետո սկսեցին ձգձգել՝ 2013 թ-ի նախագահական ընտրություններից հետո և այլն, այ դա արդեն ինձ հուսախաբ էր անում: Այն ժամանակ դեռ հասկացանք, որ խաբում են…Ես այդպես էլ գիտեի, գիտեի, որ մեր իշխանությունը ո՛չ խիղճ ունի, ո՛չ Աստված: Գերիշխում է փողը և իսկական գայլ ու գառի պատմությունն է` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Մի խոսքով՝ մեր անմեղությունը գնաց-կորավ: Այս աշխարհը անիրավի աշխարհ է. ով գռփում-չռփում է, ով կարողանում է, հզոր է` հաղթում է: Ես՝ շատ հուսախաբ, շատ վատ. կրկին մեզ խաբեցին»:
Գոռ Քլոյանի մայրը ամոթանք տվեց այն բոլոր պատգամավորներին, ովքեր դեմ են քվեարկել, նրա կարծիքով` սա նշանակում է, որ հովանավորում են մարդասպաններին, չեն ուզում, որ բացահայտվի երկրում հանցագործությունը:
«Որպես սպանվածի մայր` իրանց կասեմ՝ իմ վիշտը եթե թևակոխեր յուրաքանչյուրի տուն, իրանք այդպես չէին վարվի: Իրանք բոլորից լավ գիտեն՝ մեղավորն ով ա, արդարն ով ա, մեր երեխեքը ինչու զոհվեցին, իմ երեխեն ինչու գնաց… Խղճի խայթ թող ունենան Աստծո դեմ՝ գոնե գործած մեղքերը ծածկելու համար մի էլեմենտ էլ մտածեն մեռածների, նրանց երեխեքի մասին: ինչ ասեմ՝ իմ սևը թող իրանց լինի, որ հասկանան ` ինչ եմ ասում, թե չէ` չեն հասկանա»: