Տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը կքննարկվի ՀՀԿ առաջիկա նիստում. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում պետք է լսվի որոշ` տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որևէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել:
Ըստ մեր աղբյուրների` այդ հարցը, ըստ ամենայնի, ԳՄ-ն կքննարկի իր առաջիկա նիստում, որովհետև մարզպետների փոփոխությունն այս պահին միակ կադրային տեղաշարժն է լինելու իշխանական «շարքերում», մնացյալ փոփոխությունների համար պատրաստ կանգնած պաշտոնյաները պետք է սպասեն մինչև աշուն: Նրանց թվում` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որ մինչև մայիսյան եռատոնը լրջորեն պատրաստվում էր տեղափոխության, և, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, չէր բացառվում, որ վերջինս զբաղեցնի մաքսայինի պետի պաշտոնը: Սակայն էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը՝ կապված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որով հերքում են նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու փաստը, կասեցրել է Քեթրինի Միհրանի «մրցակցային» առաջխաղացումը»: