
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հանդիպման նախապայմանի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարող է հանդիպել Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինին միայն այն դեպքում, եթե իր երկիրը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք հասկանալ անվտանգության երաշխիքների ճարտարապետությունը 7-10 օրվա ընթացքում։ Եվ հենվելով այդ ընկալման վրա՝ մենք ցանկանում ենք եռակողմ հանդիպում անել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ երրորդ կողմը լինելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Որպես հանդիպման հնարավոր վայր է նշվել Շվեյցարիան, Ավստրիան ու Թուրքիան։ Այդուհանդերձ, նա բացառել է հնարավոր հանդիպումը Ռուսաստանում՝ ասելով․ «Մոսկվայում հանդիպում չի կարող կայանալ»։
Զելենսկին տեղեկացրել է, որ Ուկրաինան Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ին առաջարկել է 50 միլիարդ դոլարի անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագիր՝ հակամարտության ավարտից հետո հինգ տարի ժամկետով։
«Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, մենք պատրաստել և ամերիկյան կողմին ենք առաջարկել անօդաչու սարքերի գործարքը՝ համատեղ արտադրության համար՝ 50 միլիարդ դոլարով. հինգ տարի, տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ Այսքան լայնածավալ ծրագիր», – ասել է նա՝ հավելելով, որ գործարքը, հավանաբար, կգործի պատերազմից հետո։