
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն ու բազմակի մեդալակիր Անի Հովսեփյանը տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բռնցքամարտիկը:
«Տեղափոխվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Grand boxing Management ընկերության (Մենեջեր Խաչիկ Խաչատուրյան) կողմից պայմանագրի առաջարկ եմ ստացել, որին համաձայնություն եմ տվել: Լիահույս եմ, որ այս պայմանագիրը կարևոր դռներ կբացի իմ առաջ և հետագայում առավել լուրջ մենամարտեր կանցկացնեմ պրոֆեսիոնալ ռինգում: Այդ ընկերությունը եվրոպական ընկերություն է, և իմ պայմանագիրն էլ եվրոպական մակարդակի պայմանագիր է»,-ասաց Հովսեփյանը:
Վերջինիս խոսքով` պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխության որոշումը կապված է այս շրջանում սիրողական բռնցքամարտում քիչ մրցաշարերի, ինչպես նաև իր ունեցած մեծ նպատակների հետ:
«Չեմ ասի, թե տեղափոխությունս վերջնական է պրոֆեսիոնալ ռինգ, երբեմն նաև սիրողական մրցաշարերի` աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցելու նպատակներ ունեմ: Հիմա ճիշտ եմ համարում պրոֆեսիոնալ ռինգում կայանալու ուղղությամբ քայլեր անելը»,-առանձնացրեց նա:
Հովսեփյանն ընդգծում է, որ պրոֆեսիոնալ ռինգում էլ շարունակելու է ամեն ինչ անել Հայաստանի հանրահռչակման համար:
Անի Հովսեփյանի դեբյուտային մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա Երևանում ընթացիկ տարվա հոկտեմբերին: