Բաժիններ՝

Վարքագծային առումով մենք ունենք ոչ թե ազգային, այլ ամբոխային հոգեբանություն. Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին վարչապետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարքագծային առումով մենք ունենք ոչ թե ազգային, այլ ամբոխային հոգեբանություն: Դրանց տարբերությունն այն է, որ ազգային վարքագիծը հիմնված է ձևավորված ավանդույթների և պատմական գոյության արդյունքում ամբարված կենսափորձի վրա, մինչդեռ ամբոխը ունակ է մերժել ու անտեսել ցանկացած ավանդույթ ու գիտելիք հանուն սեփական այժմեական քմահաճույքի իրագործման: Յուրաքանչյուր ազգի մեծաքանակ մարդկային զանգվածը կարող է պահի տակ վերածվել շուրջն ամեն ինչ կործանող ամբոխի, իսկ ամբոխն ապազգային է իր բնույթով: Մեր հասարակության բոլոր խավերում գերակշռում է այսօր ամբոխային` այժմեական կարիքներն անհապաղ բավարարելու մոլուցքը, որը խզել է կապն անցյալի հետ և ունակ չէ տեսնելու անգամ ոչ հեռավոր ապագան: Ամբոխը կարող է խայտաբղետ լինել, իր մեջ ներառել շատ տարբեր մարդկանց, որոնք այդ ամբոխից դուրս կրկին վերագտնում են իրենց անհատական դեմքը, սակայն մեր դեպքում նկատելի է դառնում այն, որ մեր ամբոխը միատարր դառնալու, խաժամուժի վերածվելու վառ արտահայտված միտում ունի` ամենաառաջիններն ու ամենավերջինները սկսել են ավելի ու ավելի նմանվել միմյանց, նույնականանալ: Եթե այդ միտումը շարունակի խորանալ, ապա մենք մեր ձախողումները, անգամ մասնակի սպորտային հաջողությունների ավետիսներով, չենք կարողանա փոխհատուցել: Մյուս կողմից էլ խաժամուժի հիշողությունը կարճ է. ու մեր շախմատային սխրանքների կողքին այլևս ոչ մեկը չի հիշում այն խանդավառությունը, որով ընդամենը երկու-երեք տարի առաջ դիմավորեցինք կանացի բասկետբոլի վերածնունդը` «Հատիսի» գեղեցիկ վերադարձը մեծ սպորտ: Հետո գործը տապալվեց, մարզիչը լքեց Հայաստանը, իսկ թիմն այլևս չկա ասպարեզում: Մենք դեռ չենք հասկացել, թե ինչ ասել է կառավարման որակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս