Բաժիններ՝

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյան. «Լավա, որ ազատամարտիկ ես բայց վճարի»

Ազատամարտիկների խնդիրները բազմազան են՝ սկսած բուժօգնությունից մինչև սոցիալ-կենցաղային հարցեր: Նրանցից շատերը դեռեւս չունեն բնակարաններ, ապրելու միջոցներ էլ հայթայթում են շատ դժվարությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ այս խնդիրների շուրջ խոսել են  ազատամարտիկները, ովքեր օրեր առաջ նստացույց էին անում Ազատության հրապարակում:

«Վիրավորականն այն է, որ գնում ես որևէ բուժհաստատություն կամ որևէ այլ գերատեսչություն ինչ-որ խնդրով և ներկայանում ես, որ ազատամարտիկ ես, ասում են՝ շատ լավ է, բայց վճարեք, կամ էլ ասում են՝ պետության համար ես կռվել, ուրեմն՝ գնա նրանից էլ պահանջի»,- ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

8 թոռնիկ ունեցող ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանն էլ, ում «Ռեմբո» են կոչում, հարց է բարձրացնում, թե արդյոք հնարավոր է 46 000 դրամ թոշակով ապրել: «Այսօր մեզ տանից դուրս են հանում, որովհետեւ վարկ եմ վերցրել՝ հողը մշակելու և այլ գյուղատնտեսական կարիքներ հոգալու համար, որը չեմ կարողացել վերադարձնել, տունս ձեռքիցս վերցնում են»,- նշել է ազատամարտիկը՝ տեղեկացնելով, որ դիմել է տարբեր գերատեսչությունների, սակայն մինչ օրս ոչ մի դրական պատասխան չի ստացել:

Վերջինիս խոսքով՝ իր մարտական ընկերները, ովքեր այսօր որոշակի պաշտոններ են զբաղեցնում, իրենց հնարավորությունների սահմաններում օգնում են. «Սակայն որքան կարելի է դիմել նրանց օգնությանը:

«Ազատամարտիկների նկատմամբ այս անտարբերությունը բերել է նրան, որ այսօր զոհված ազատամարտիկների պանթեոն են պղծում»,-նշում է Վոլոդյա Ավետիսյանն ու հավելում, որ իրենց հաջորդ քայլը լինելու է հասարակական կազմակերպության հիմնումը և որ հնարավոր ամեն ինչ անելու են որպեսզի ազատամարտիկները արժանապատիվ ապրեն:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե անգամ այսօր հարկ լինի կռվել,ապա էլի պատրաստ են հայրենիքի համար կռվելու, բայցևայնպես հետևողական են լինելու և շարունակելու են նաեւ իրենց բողոքը:

Իսկ կառավարությունը ազատամարտիկների բարձրացրած հարցերին խոստացել է պատասախանել մայիսի 23-ին:

Անկախ ամեն ինչից ազատամարտիկները հպարտությամբ են խոսում իրենց ձեռքբերումների մասին։ «Ունենք անկախ պետություն, Լեռնային Ղարաբաղ և բանակ»,- նշում են նրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս