
Սա պետական ռեկետ է՝ նոր փաթեթավորմամբ. գողություն է՝ օրինականացրած ձևով. «Կապան քաղաք»

«Կապան քաղաք» ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի տարբեր մարզերում օրեցօր թափ է հավաքում մի երևույթ, որը ազատ շուկայի տրամաբանությունից դուրս է, բայց իշխանության ստվերում՝ շատ հստակ համակարգով իրականացվում։ Խոսքը սուպերմարկետների շուկայի վերահսկողության «փոխանցման» մասին է։ Իշխանության հետ կապվող գործարարները, ըստ հավաստի աղբյուրների, քայլ առ քայլ վերցնում են արդեն կայացած և աշխատող բիզնեսը՝ մեկ սցենարով, նույն ձեռագրով։
Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ Գորիսի Մաշտոցի 36 հասցեում գործող «Շանե» սուպերմարկետը դադարեցնում է գործունեությունը։ Իսկ նույն տարածքում շուտով կբացվի «88» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղը։
Թղթային հայտարարության մեջ ասվում է, թե սա ընդամենը բրենդային զարգացման հերթական փուլն է։ Բայց բիզնեսում ներգրավված անձինք լավ հասկանում են՝ երբ նախկինում աշխատող ու պահանջված խանութը փակվում է, և մի քանի օրից նույն տարածքը փոխանցվում է մեկ այլ բրենդի, ապա սրա ետևում այլ ուժեր են։
Այդ ուժերի անունը շատերի համար արդեն պարզ է։
Տարբեր աղբյուրներ «88» սուպերմարկետների ցանցը կապում են Նարեկ Նալբանդյանի անվան հետ, ում, իր հերթին, կապում են երկրի ղեկավարի ընտանիքի՝ մասնավորապես Աննա Հակոբյանի մերձավոր շրջանակների հետ։ Եվ հենց այս կապերն են, որ թույլ են տալիս ոչ թե զարգացնել սեփական բիզնես, այլ խլել արդեն գոյություն ունեցողը՝ պետական լծակների աջակցությամբ։
Այս ամենը պատահական չէ․ Կապանում արդեն ընթանում է նույն սցենարով զարգացում։ Երկու խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որոնք պատկանում են մեկ սեփականատիրոջ, 100 միլիոնավոր դրամների տուգանքներ են նշանակվել։ Դրանից հետո սեփականատերը կանչվել է «զրույցի»։
Ի՞նչ են ասում այդ զրույցներում՝ գուշակել պետք չէ։
Ու վերջում կրկին նույն պատկերը՝ նոր բրենդ, հին տեղում, իշխանական շնչով։
Այնպես որ, սիրելի կապանցիներ, մինչ տարվա վերջ սպասեք իշխանական բրենդին։
Սա պարզապես տնտեսական փոփոխություն չէ։ Սա պետական լծակների կիրառման անթաքույց օրինակ է՝ բիզնես խլելու համար։ Իշխանության հետ կապ ունեցող տնտեսվարողը չի զարգացնում իր մրցունակությունը, այլ սրբում է մրցակիցներին՝ հարկայինների, վարչական տույժերի, «զրույցների» ու թիրախավորման միջոցով։
Սա պետական ռեկետ է՝ նոր փաթեթավորմամբ։ Երբ իշխանությունը բիզնես է անում՝ ոչ թե հավասար պայմաններով, այլ սեփական լծակներով, սա արդեն տնտեսություն չէ։ Սա գողություն է՝ օրինականացրած ձևով»։