Հրշեջներին վերջապես հաջողվեց «Սպայկա»-ում բռնկված խոշոր և լայնամասշտաբ հրդեհի տարածումը կանխել (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հրշեջ-փրկարարներին հաջողվեց իրենց վերահսկողության տակ պահել կեսգիշերից «Սպայկա»-ում բռնկված լայնամասշտաբ հրդեհի տարածումը: Այս պահին տեղում աշխատանքները ղեկավարում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ինչքան նյութական վնաս է կրել կազմակերպությունը, այս պահին դժվար է ասել, սակայն, ըստ տեղեկությունների, կազմակերպությունը կրել է նյութական խոշոր վնաս, իսկ շենքը տեղում մասնագետների կարծիքով՝ դարձել է վթարային: Ողջ գիշեր հրշեջների հետ աշխատել են նաև Երևանի շտապ օգնության կայանի հերթապահ բրիգադները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ինչպես նաև՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը՝ հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև «Հայաստանի Էլեկտրոցանցեր» և «Հայռուսգազարտ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ շրջանի պատասխանատուները: