«10 հազար դոլար ընտրակաշառք պետք է տային, ոչ թե 10 հազար դրամ». մամուլ
«Գազի գնի բարձրացումն ամբողջությամբ քաղաքական որոշում էր»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում գազի թանկացմանը այսպիսի գնահատական է տվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա մեկնաբանությամբ՝ «Ամբողջ գործընթացն էր քաղաքական, որովհետև գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները, որոնք անընդհատ իշխանությունները հերքում էին, գրեթե 1 տարվա պատմություն ունեն: Բայց քանի որ ընտրական պրոցես պետք է լիներ այս մեկ տարվա ընթացքում, իրենք անընդհատ հետաձգեցին: Մինչև այդ, միշտ թանկացումները եղել են ապրիլին՝ հայտարարությունները, հայտերը և այլն: Այս անգամ թողեցին՝ մինչև մայիսի քաղաքապետի ընտրություններն էլ անցնեն, նոր, որպեսզի ընտրակաշառքները շատ լավ, տեղը տեղին մարդիկ վերցնեին և չիմանային, որ երկու օր հետո այնպիսի գնաճ է սպասվում իրենց, որ իրենց պետք է 10 հազար դոլար տային, որ այս ամիսներին գոյատևեն, ոչ թե 10 հազար դրամ: Հաստատ այդ որոշումը քաղաքական էր, որովհետև չհայտարարեցին դրա մասին այնքան ժամանակ, մինչև ընտրական պրոցեսը չվերջացավ»,- Արմեն Մարտիրոսյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը: