
«Սրտիկներից ու պլյուսիկներից» բացի՝ կարդացե՛ք գրածս, ներողամիտ ենք եղել Գալստանյանի հանդեպ. Ավանեսյան
Հուլիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել.
«Հարգելի քաղաքացիներ, Բագրատ Գալստանյանի և նրա «թիմակիցների» կողմից ժողովրդին վիրավորելու միասնական հայց ներկայացնելու մասով արդեն բազմաթիվ միացողներ կան!
Ընթացքի կազմակերպման և հայցին միանալու ձևի մասով երեկոյան կգրեմ!
Ներքևում + դրեք ովքեր «խորը անասուն» դիմելաձևը վիրավորանք են ընդունել»:
Այսօր՝ հուլիսի 24-ին, Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս թեմայով լրագրողների հարցերին ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, թե ժողովրդի հասցեին անպարկեշտ արտահայտություն է հնչել, և իրենք վիրավորված են դրանից՝ որպես ժողովրդի մաս կազմող անհատ:
«Պարզվեց, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում: Երևի թե ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել, բայց ինչ-որ առումով, գիտեք, մարդը քրեակատարողական հիմնարկում է, և գուցե դա է եղել պատճառը, որ ավելի ներողամիտ ենք գտնվել: Բայց պարզվեց, որ անձը շատ հեշտությամբ դատի է տալիս, ընդհանուր առմամբ, խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում: Եվ, իհարկե, հակադարձ դիրքորոշում պետք է ձևավորել և արտահայտել, կարծում եմ: Մենք հիմա իրավաբանական խմբի հետ քննարկումների մեջ ենք՝ ձևաչափի և մնացած հարցերով: Առաջիկայում, միանշանակ, տեղեկատվություն կտրամադրվի»,- նշեց նա՝ հավելելով, որ իր առաջարկին միացողների թիվը 1000-ից ավելի է:
Այստեղ լրագրողներից մեկը հիշեցրեց Աննա Հակոբյանի ոչ պարկեշտ արտահայտություններն ընդդիմախոսների մասին՝ ոջիլ, «մեռելի զդաչի» և այլն:
«Պետք է տարբերակել, ես նորից եմ նշում, որ հնչած արտահայտությունները վերաբերել են ժողովրդին: Եվ, այո, ես ժողովրդի մաս կազմելով՝ ինձ վիրավորված եմ զգում: Իհարկե, ես կարծում եմ, որ տիկին Հակոբյանի արած գրառումները հենց դրան են վերաբերելի եղել, որ՝ բավական է վիրավորեք, բավական է անպարկեշտ արտահայտություններ անեք: Կարծեմ վարչապետն էլ իր ասուլիսի ժամանակ շատ մանրակրկիտ այս հարցին անդրադարձավ: Եվ տարակուսելի է, որ մեր երկրի ղեկավարի, նրա տիկնոջ նկատմամբ վիրավորանքների հարցում դուք նույն զգայունությունը չունեք: Այո, ցանկացած վիրավորանք պիտի տեղ չունենա մեր քաղաքական դաշտում, և սա է նորման: Բայց պետք չէ նաև ընկնել մյուս ծայրահեղության մեջ և ազատ խոսքի համար փորձել դատական հայցերով ճնշել քաղաքական գործիչներին, որ չարտահայտվեն»,- արձագանքեց ՔՊ-ական պաշտոնյան:
Իսկ թե ինչու է որոշել քաղաքականությամբ զբաղվել, Առողջապահության նախարարն ասաց, որ մշտապես մտահոգված է եղել կառուցել սոցիալական և զարգացած երկիր:
«Քաղաքականությունը հենց այն է, ինչը հնարավորություն է տալիս իրագործելու քո իղձերը՝ երկրի զարգացմանը մասնակից լինելու մասով: Ես կարծում, որ քաղաքականությամբ զբաղվելը պետք է ինստիտուցիոնալ լինի, և ես անդամակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- շեշտեց Ավանեսյանը և հավելեց, որ ղեկավարած ոլորտին առնչվող մի շատ կարևոր քայլ են արել՝ երեխաների դեղապահովման ծրագրի ընդլայնումից մինչև մեծահասակների թանկարժեք հիվանդությունների մասով բեռը պետականորեն վերցնել:
Մանրամասները՝ տեսանյութում: