Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել ՄԻԵԴ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր դատարանում հարցաքննվեց 2017–ի խորհրդարանական ընտրություններից առաջ կաշառք բաժանելու գործով։

Դատական նիստի ժամանակ նա հերքեց իրեն վերագրվող մեղադրանքները՝ հայտարարելով` նույնիսկ օգնության դիմած անձանց չի աջակցել, քանի որ գիտեր, որ դա կարող են իր դեմ օգտագործել։

«Ամբողջ ՀՀ–ով` գյուղերով, մարզերով, մեր պատասխանատուներով, 110 քննիչ հարցաքննել են 2700 վկայի, ամեն ինչ քննել են, և որևէ մեկը չի ասել, թե Ծառուկյանն է փող տվել։ Չի կարող նման բան լինել», – ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը զգուշացրեց, որ մտադիր է դիմել ՄԻԵԴ:

«Ես դիմելու եմ Եվրադատարան, որպեսզի հասնեմ արդարության», – ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով չի կարողացել կենտրոնանալ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, հաշիվներն էլ սառեցվել են։

Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։

Ըստ պաշտպանների` քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին, բայց այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս