
Սիրիական աս-Սուեյդա նահանգում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1120-ի։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։
Զոհերից 531-ը, որոնց շարքում 104-ը քաղաքացիական անձինք են, գրանցվել է աս-Սուեյդա նահանգում։ Զոհերի շարքում են նաև Պաշտպանության նախարարության և անվտանգության 373 աշխատակից, այդ թվում՝ բեդվին ցեղերի 18 անդամ և մեկ լիբանանցի զինյալ։
Դիտորդական կենտրոնի տեղեկացմամբ՝ իրավիճակի սրման ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի 15 անդամ։
Կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 13-ին դրուզ և բեդվին ցեղերի միջև բռնկված բախումների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 940 մարդ։
Syria TV-ի տեղեկացմամբ՝ աս-Սուեյդայի ներքին անվտանգության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ ադ-Դալաթին հուլիսի 21-ին հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որը թույլ է տալիս բոլոր քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են լքել աս-Սուեյդա նահանգը, ապահով տարհանվել։
Ադ-Դալաթին ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարը և թույլ տան պետական հաստատություններին ստանձնել իրենց դերը նահանգում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու գործում։
Syria TV-ի թղթակցի տեղեկացմամբ՝ անվտանգության ուժերի ուղեկցությամբ մոտ 300 բեդվին ընտանիք ավտոբուսով տարհանվել է Դարաայի շրջանի Բուսրա ալ-Հարիր գյուղաքաղաք։
Հուլիսի 20-ին Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ աս-Սուեյդայի տարբեր խմբավորումների միջև հրադադարը ուժի մեջ է մտել ժամը 17:00-ին։
Նա նշել է, որ հաջորդ քայլը կլինի երկու կողմերի միջև գերիների փոխանակումը և որ դրա համար իրականացվում են լոգիստիկ պայմանավորվածություններ։