
Լուլա դա Սիլվան Թրամփին մեղադրել է Բրազիլիայի ինքնիշխանության վրա հարձակման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնելու Բրազիլիայի նախկին ղեկավար (2019-2022) Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ դատական հետապնդումը, հարձակում են հարավամերիկյան հանրապետության ինքնիշխանության վրա: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին հղած ուղերձում:
«Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդեցություն գործելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նախագահի խոսքով՝ իրեն վրդովել է այն փաստը, որ «երկրի վրա այդ հարձակումը ստացել է բրազիլացի շատ քաղաքական գործիչների պաշտպանությունը»:
«Նրանք իրենց հայրենիքի իսկական դավաճաններ են», – ընդգծել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ Թրամփը քննադատել է Բրազիլիայի իշխանություններին Բոլսոնարուի նկատմամբ գործողությունների համար, որի դեմ ընթանում է հետաքննություն հեղաշրջման փորձի գործով՝ 2022 թվականին երկրի գործող ղեկավարի իշխանության գալը խափանելու նպատակով: ԱՄՆ նախագահը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին ղեկավարի դեմ դատավարությունը:
Լուլա դա Սիլվան նաև հայտարարել է, որ պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց հանրապետության տնտեսությունը պաշտպանելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել է օգոստոսի 1-ից բրազիլական ապրանքների համար 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին:
«Եթե պահանջվի, մենք գործի կդնենք բոլոր օրինական միջոցները մեր տնտեսության պաշտպանության համար՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելուց մինչև Տնտեսական փոխադարձության մասին օրենքի կիրառումը», – նշել է նա:
«Մաքսային պատերազմներում հաղթողներ չեն լինում։ Մենք խաղաղասեր երկիր ենք, մենք թշնամիներ չունենք: Մենք հանդես ենք գալիս բազմաբևեռայնության և երկրների միջև համագործակցության օգտին: Սակայն թող ոչ ոք չմոռանա, որ Բրազիլիայի միակ տերը նրա ժողովուրդն է», – եզրափակել է Լուլա դա Սիլվան: