Յուրի Վարդանյանը քանդում է Գագիկ Ծառուկյանի սենյակը. մամուլ
«Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա կոշտ ելույթ է ունեցել, և հրահանգել՝ քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը:
ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին հարկում: ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը շենքի երրորդ հարկում է (էր):
Հիշեցնենք, որ Վարդանյանի և Ծաոուկյանի հարաբերությունները բավականին լարված են», – գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում Յուրի Վարդանյանի հետ հարցազրույցը.
– Պարոն Վարդանյան, մեր տեղեկություններով, ձեր առաջին խորհրդակցությունն եք անցկացրել որը բավական կոշտ է եղել, որոշակի հրահանգներ եք տվել, ճի՞շտ է:
– Ըստ իմ բնավորության գծերի, այո:
– Նաև հրահանգել եք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը վերանորոգեն և հայտարարել եք, որ դա այլևս նրա սենյակը չի լինելու: ճի՞շտ է:
– Այո:
– Իսկ ինչո՞ւ
– Որովհետև այդպես է պետք:
– Բայց պատճառը ո՞րն է:
– Ինձ կներեք, խնդրում եմ, ավելորդ հարցեր մի տվեք: Ինչ որ անում եմ, մտածված եմ անում, խորը գիտակցելով եմ անում ու ճիշտը դա է, այնպես որ, ավելորդ հարցեր մի տվեք: Եթե տեղեկացել եք, ուրեմն տեղեկացեք նաև, թե ինչի համար եմ դա անում:
– Այդ մեկին չեմ տեղեկացել դրա համար ձեզ եմ հարցնում:
– Դե…
– Բայց խնդիր չի առաջանա՞, պարոն Վարդանյան:
– Ո՞ւմ համար:
– Ձեզ:
– Իմ համա՞ր:
– Ձեր ու Ծառուկյանի միջև: Խոսակցություն չի լինի՞:
– Ձեր կարծիքով, եթե խնդիր պիտի առաջանա, նման քայլի կգնայի՞:
– Այսինքն, կարծում եք՝ Ծառուկյանը հանգիստ կհամակերպվի՞ դրա հետ:
– Դե, դա իր գործն է՝ կհամակերպվի, թե չի համակերպվի: Ես չեմ ուզում ինտերվյու տամ. բայց դուք ավելորդ հարցեր եք ինձ տալիս: Ես ընդհանրապես ոչ մեկին դեռ հարցազրույց չեմ տվել: Ես անպայման մամլո ասուլիս եմ անելու, շատ բարձրաձայն բոլորդ կիմանաք ու բոլորիդ ուզում եմ հրավիրել և բոլոր հարցերի շուրջ բարձրաձայն խոսենք: Թաքցնելու որևիցե մի բան որևիցե մեկից, հատկապես լրատվությունից չունեմ: Կխոսեմ շատ անկեղծ, շատ սրտաբաց ու ի շահ մեր սպորտի հետագա նվաճումների: Այնպես որ, հիմա ինձ ավելորդ հարցեր մի տվեք: Հիմա ծանրաբեռնված եմ, թողեք աշխատեմ:
– Խնդիր չկա, բայց մի հարց էլ ճշտեմ, դուք ՀՀԿ անդամ դառնալու ե՞ք, թե անկուսակցական եք մնալու:
– Ոչ, չեմ դառնալու: Ես տարիներ առաջ անգիտակցաբար մտա կոմունիստական կուսակցության շարքերը և գիտակցաբար այնտեղից դուրս չեմ գալիս:
– Ինչպես, կոմունիստական կուսակցության անդամ եք մինչև հիմա:
– (Ծիծաղում է): Ասում եմ՝ անգիտակցաբար մտա, 1974 թվականին էր, հազար տարի առաջ էր:
– Հա, բայց հիմա կոմկուսի անդամ չեք, չէ՞:
– Չէ, իհարկե, չէ, ես երբեք չեմ մտնի, իմ դիրքորոշումը, ուղղվածությունը միանշանակ երբեք խեղաթյուրվող չի ու ես երբեք չեմ փոխում իմ դիրքորոշումը և ասեմ, որ ՀՀԿ չեմ դառնա:
– Պարոն Վարդանյան, բայց ձեր ու Ծառուկյանի հարաբերությունները ինչի՞ են այդպես լարված: Շատ հետաքրքիր է:
– Կգա ժամանակը, դուք ամեն ինչ շատ պարզ, բաց կիմանաք: Ասուլիսի ժամանակ բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ: Հիմա եկեք փակենք խոսակցությունը, դրսից հյուրեր ունեմ, չեմ կարող երկար խոսել:
«Այսքանով նորանշանակ նախարարի հետ մեր զրույցն ավարտվեց, իսկ նրա առաջին ասուլիսը, ինչպես երևում է, շատ հետաքրքիր է լինելու»,- հավելում է թերթը: