
«Նույն համարձակությամբ հորդորեիք ՀՀ վարչապետին քաղաքացիներին չդոմփել և հարձակումներ չկազմակերպել, ԱԺ նախագահին հորդորեիք աջուձախ չթքել, առաջին տիկնոջն ուղիղ հորդորեիք մարդկանց «ոջիլ, տխմար» չկոչել…». փաստաբանը՝ Անահիտ Մանասյանին

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի պատասխան ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների վերաբերյալ երկրորդ հայտարարության:
Հարգելի տկն Մանասյան,
Բացառապես ձեր անձով պայմանավորված, ձեր առաջին խոսքին, որը ՄԻՊ գործառույթի հետ աղերս չուներ, պատասխան չգրեցի՝ մտածելով, որ Պալատի դիրքորոշումը կկարդաք, եզրահանգումներ կանեք ու այլևս չեք շարունակի: Սխալվելու և ուղղվելու իրավունք ունեն բոլորը: Ցավոք, ավելորդ լավատեսությունն էր:
Այո՛, անքննարկելիորեն փաստաբանները պետք է պահպանեն վարքագծի կանոնները և խոսքի կուլտուրան, բայց ձեր հորդորը իրավաչափ և ազնիվ կընկալվեր մեր գործընկերների կողմից, եթե նույն համարձակությամբ, ուղիղ խոսքով հորդորեիք ՀՀ վարչապետին հանրային հարթակում քաղաքացիներին չդոմփել և հարձակումներ չկազմակերպել, ԱԺ նախագահին հորդորեիք աջուձախ չթքել մարդկանց վրա, սեղանի շուրջ, ձեր երգեցողության արանքում (ի դեպ՝ լավ ձայն ունեք) առաջին տիկնոջն ուղիղ հորդորեիք մարդկանց «ոջիլ, տխմար» ու նմանատիպ աղտեղություններով չկոչել և այլն:
Եվ եթե ուղի՛ղ, ոչ վերացական անդրադառնայիք հանրային իշխանություն իրականացնող անձանց հանցավոր վարքին և խոսույթին, իրապես հետամուտ լինեիք նման զազրելի միջավայրը կանխելուն, ապա ձեր հորդորն իսկապես ազնիվ ու ծանրակշիռ կընկալվեր:
Հետևաբար, հետևեք ձեր՝ սահմանադրաիրավական գործառույթին. նախ՝ պաշտպանեք քաղաքացիներին և քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանրային իշխանության հանցավոր ոտնձգություններից, հետո պահանջեք հակառակը:
Պալատի տեղն ու հասցեն էլ գիտեք. հստակ դեպքերով հստակ դիմում գրեք:
Մեզ մոտ կարգապահական գործերի քննությունն ամենաբարձր մակարդակի վրա է, իրենց հանրային խոսքի և դատավարական փաստաթղթերի համար տույժի ենթարկված շատ փաստաբաններ կան: Իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի պատվերներով , զուտ սուր քննադատությունների համար, փաստաբան չենք կարող պատժել :
Դադարեցրե՛ք, փաստաբաններին հանիրավի և անհասցե թիրախավորելու գործընթացը, թույլ տվե՛ք մեր գործընկերներին ձեզ ընկալել որպես իրավական հենարան (թեկուզ՝ առերևույթ) և պաշտպանե՛ք քաղաքացուն իշխանությունների զազրելի վարքագծից»: