Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարվածներից 10 մարդ է վիրավորվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սուր շրջանում Իսրայելի ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ինը քաղաքացի:

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Բացի այդ, Սիդոն շրջանի Զրարիե գյուղաքաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ երեխա ծանր վիրավորվել է։

Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հուլիսի 6-ի երեկոյան իսրայելական ռազմական օդանավերը ռմբակոծել են Բուդայ և Ֆլաուի ավանների ծայրամասային հատվածները, ինչպես նաև Լիբանանի հարավային մի քանի շրջաններ։

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շիա «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Թիրախավորվել են «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ զենքի պահեստավորման և արտադրության օբյեկտներ, ինչպես նաև հրթիռների արձակման վայր։

Իսրայելական կողմի պնդմամբ՝ «զենքի և «Հեզբոլլահ»-ի առկայությունն այս տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի մասին պայմանավորվածությունների կոպիտ խախտում է»։

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասիմն իր ելույթում նշել է, որ շարժումը պատրաստ է խաղաղության և պետականաշինության, ինչպես նաև դիմակայության և պաշտպանության։ Սակայն նա մերժել է իր զենքերը, մասնավորապես՝ հրթիռները հանձնելու պահանջները՝ դրանք նկարագրելով որպես «իր պաշտպանական կարողությունների հիմք»։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը կատարել է մոտ 3000 խախտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 209 մարդ, վիրավորվել՝ 504-ը։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000, վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանության էր ենթարկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031