Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել առավել զգուշություն և խոհեմություն։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության իրավիճակային և ճգնաժամային կենտրոնը (ԻՃԿԿ):

«Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն և խոհեմություն», – ասվում է գերատեսչության «Տելեգրամ» ալիքում հրապարակված հայտարարության մեջ և շեշտվում, որ ՌԴ քաղաքացիները պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը Ադրբեջան ուղևորություն ծրագրելիս։

Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։

Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմիններն իրենց հերթին գործողություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում:

Նույն օրը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Եկատերինբուրգում իրավապահների գործողությունների կապակցությամբ ռուսական կողմին է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին բողոք է հայտնվել՝ Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների և երկկողմ հարաբերությունների խաթարմանը գիտակցաբար ուղղված քայլերի կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն նաև պահանջել է ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին:

Հուլիսի 1-ին Ռուսաստանում ձերբակալվել է նաև Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս