Այսօրվանից կգործի Վրաստանի և Հայաստանի միջև ուղևորափոխադրումների նոր կանոնակարգը

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Վրաստան-Հայաստան սահմանին գտնվող փոխադրողների համար պարտադիր կլինի ուղևորների ցուցակի նախապես լրացումը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Խոսքն առևտրային, զբոսաշրջային կամ միջազգային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին է, որոնց ընթացքում բոլոր փոխադրողները պետք է լրացնեն ուղևորների ցուցակ, որը համապատասխանում է ECMT-ի (Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) միջազգային չափորոշչին։

Ուղևորների ցուցակը պարտադիր է բոլոր M1 (միկրոավտոբուս), M2 և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար։

«Փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով՝ լատինատառերով, նախքան ուղևորության մեկնարկը։ Տպագիր տարբերակը պետք է ներկայացվի վերահսկող մարմնին։ Ցուցակը պետք է տպագրվի միայն A4 ձևաչափով» (աղբյուրը` bm.ge)։

Նոր կարգավորման համաձայն, Վրաստանի և Հայաստանի վերահսկող մարմինները տրանսպորտային փաստաթղթերում առկա տվյալները կստուգեն նույնական մեթոդաբանությամբ։

«Որոշումը կայացվել է վրաց-հայաստանյան համատեղ հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ստորագրվել է միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ նոր համաձայնագիր»,- bm.ge-ին հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս