Գալուստ Սահակյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Փնտրում էր փողոցում հանդիպում, սրճարանում հանդիպում, հիմա արդեն հմտացել է

ՀՀԿ-ն չի քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հավաքի հրավերն ընդունել-չընդունելու հարցը, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Սա ուշացած քայլ է: Փնտրում էր փողոցում հանդիպում, սրճարանում հանդիպում, հիմա արդեն հմտացել է: Սա պարզապես, ըստ էության, PR քայլ է, թե իբրև գործողություն են կատարում, բայց ուշացած է»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, այնուամենայնիվ, կուսակցությունում քննարկվի Սերժ Սարգսյանի մասնակցության կամ չմասնակցության հարցը այդ հավաքին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կոնկրետ ես դա անհեթեթ կհամարեի, որովհետև հենց մոտեցումները կամ ժամանակի այս պահը ինքնին անհեթեթ իրավիճակի մեջ է գցել «Ժառանգությանը», որոնք էլ փորձում են կենդանության նշույլներ ցույց տալ: Իսկ դրան, կարծում եմ, աջակից չեն լինի ոչ միայն իշխանությունները, այլև` ընդդիմությունը»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե քաղաքական դաշտում սենդափոխություն է անհրաժեշտ, ապա Գ. Սահակյանն ասաց. «Մեր ամբողջ գործունեությունն ու պայքարը մի կողմից եղել են Հայաստանի խնդիրները, մյուս կողմից՝ մեր սերնդի պատրաստումը: Իհարկե, սերնդափոխություն պետք է լինի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցով շուտ պետք է գլխի ընկած լիներ, սա էլ է ուշացած: Սերնդափոխություն կա Հայաստանում, սերնդափոխությանը նպաստում է Հանրապետական կուսակցությունը: Եվ, առհասարակ, ցանկացած կուսակցության` որպես քաղաքական կուսակցություն, գերխնդիրը պետք է լինի նպաստել սերնդափոխությանը: Ակտիվ մասնակիցները Հայաստանում մենք ենք` այնպես որ պատրաստ ենք նաև այս հարցով խորհուրդատվություն տալ»:

Մեր հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտաք Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Կուսակցությունը ոչ թե ճառերով պետք է հանդես գա, այլ ժամանակին զբաղվի այդ հարցերով, որի բազան «Ժառանգությունը» դեռևս չունի»:

Տեսանյութեր

Լրահոս