Բաժիններ՝

«Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի հայցը դատարանում մերժվեց

«Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Այթիմաստեր» ՍՊԸ-ի` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի և պատասխանող «Այթիմասթեր» ՍՊԸ-ի միջև 2011թ. օգոստոսի 01-ին կնքվել էր գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր: Նշված պայմանագրով սահմանված վճարումները պատասխանողի կողմից չկատարվելու հետևանքով «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ն իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով 08.01.2012թ. դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18.04.2012թ. վճռով հայցադիմումը բավարարել էր մասնակի` մերժելով միայն դրանով պահանջված տուժանքները, քանի որ դրանց հետ կապված հաշվարկներն ըստ էության ճիշտ չէին կատարվել: Դատարանում իր շահերը ներկայացնելու նպատակով «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ն 27.12.2011թ. դիմել է «Լոյերս Լո» ՍՊԸ իրավաբանական ծառայությանը և վերջինիս հետ կնքել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր: Նշված պայմանագրով ծառայությունների դիմաց վճարման չափը սահմանվել, ներկայացուցչությունը բոլոր դատական ատյաններում հաշվարկվել է 200.000+100.000+300.000=600.000:

Դատարանին խնդրել է պատասխանող «Այթիմասթեր» ՍՊԸ-ից հօգուտ «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել՝ 200.000 դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատական ծախսի գումար, 100.000 դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատում դատական ծախսերի մգումար, 300.000 դրամ` որպես վնասների հատուցման պահանջի մասով սույն հայցադիմումի ներկայացման և սույն գործով մասնակցության համար «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից իր շահերի պաշտպանության նպատակով «Լոյերս Լո» ՍՊԸ-ին վճարված և կրած իրական վնաս:

Պատասխանողի ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանը դատարանում հայցի դեմ առարկեց և հայտնեց, որ գտնում են, որ ներկայացված հայցն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման, որպես այդպիսին, դրա ներկայացումը հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի չարաշահման դասական դրսևորում և բացառապես հետապնդում է պատասխանողին վնաս պատճառելու նպատակ:

Դատարանի վերլուծությամբ՝ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը, որն ինչպես յուրաքանչյուր դատական ծախս բաշխվում է կողմերի միջև ըստ բավարարված հայցապահանջների չափի:
Սույն գործով դատարանը գտել է, որ պետք է կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշումը և հանգում է այն հետևության, որ «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, իրականացրել է ՀՀ Սահմանդրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը, ուստի նրա կողմից կատարված ծախսերը, կապված տվյալ գործով իրավաբանական օգնություն ստանալու հետ, չեն կարող դիտվել որպես վնասներ: Միաժամանակ, դատարանն արձանագրում է, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել, ուստի հայցվորի պահանջը` փաստաբանական ծառայությունների դիմաց կատարված վճարումների գումարը բռնագանձելու մասին, անհիմն է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Այթիմաստեր» ՍՊԸ-ի պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, մերժել:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս