ԱԱԾ աշխատակիցը համաներվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանին ազատ արձակեց դատարանի դահլիճից: Դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խարդախություն, մեղադրանքի: Նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման և ՀՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշման կիրառմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Սա գործով երկրորդ դատաքննությունն է: Նույն դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հունվարի 20-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Տեր-Մինասյանին մեղավոր էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` 1.206.030 ՀՀ դրամ գումարը չգերազանցող գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ: Դատարանն այն ժամանակ հաստատված էր համարել մեղադրանքն, ըստ որի նա նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ի որոշմամբ Ա.Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն` բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Պաշտպանական կողմը միջնորդել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ.Փիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել էր։