Ավելացել են միայն ՀՀԿ-ի քվեները
Այսօր` մայիսի 10-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
Ինչպես «Փաստինֆին» հայտնել են ԿԸՀ մամուլի ծառայությունից, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամանակահատվածում՝ մայիսի 7-ից 10-ը, ընդհանուր առմամբ 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:
Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով, «Առաքելություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններինը՝ 2-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 23-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքինը՝ 11-ով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը 6-ով:
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով:
Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով: