
Լոնդոնում ավարտվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները

ԱՄՆ և Չինաստանի պաշտոնյաները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտել են առևտրային բանակցությունները։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հունիսի 9-ին սկսված բանակցություններին չինական կողմը ներկայացրել է փոխվարչապետ Հե Լիֆենգը: Ամերիկյան պատվիրակության կազմում էին ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը և ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը:
Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում մայիսի 10-11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Այդ հանդիպման ժամանակ Պեկինը և Վաշինգտոնը համաձայնել են մասնակիորեն կրճատել փոխադարձ մաքսատուրքերը, որոնց չափը մինչև մայիս գերազանցել էր 100%-ը։
Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ Նրանք պայմանավորվել էին հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։