Սասուն Միքայելյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի և 6 ամիս անց համաժողովրդական նոր շարժման ձևավորման հնարավորության մասին

Րաֆֆի Հովհաննիսյանին համարո՞ւմ եք այսօր ընդդիմության առաջնորդ` հատկապես ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ աղոթքից հետո: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս հարցը տվեցին ազատամարտիկ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանին:

«Գիտեք, մի ստվար զանգված հավատում էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես հրապարակ չեմ գնացել, բայց ես ասել եմ` որտեղ ժողովուրդն է, այնտեղ էլ ես եմ, բայց ես հրապարակ չեմ գնացել, որովհետև չեմ հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականությունը, թե շարժումն ո՞ւր է տանում, ի՞նչ է ուզում»,- ի պատասխան`  ասաց Սասուն Միքայելյանը:

«Փաստացի պարզվում է, որ ինչ-որ ժամանակահատվածում մի ուժ գալիս է առաջ և մարում է, որի արդյունքում ժողովրդի հավատն է մեռնում, և ժողովուրդը դուրս է գալիս երկրից: «Вот в чем беда», կներեք արտահայտությանս համար, սա է դժբախտությունը»,- շարունակեց նա:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը հույս էր հայտնել, որ քաղաքական դաշտում կան անհատներ, ովքեր կարողացել են իրենց դեմքը պահել, և մոտակա 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում Հայաստանում կծնվի նոր ընդդիմադիր ուժ:

Իսկ երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այդ նոր ուժի լիդերը կարո՞ղ է լինել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը պատասխանեց այսպես. «Тонкий намек на толстых обостоятельтвах?»:

Սակայն երբ նրան խնդրեցին թվարկել անուններ, թե ովքե՞ր կարող են լինել համաժողովրդական նոր շարժան ղեկավարները, Սասուն Միքայելյանը խնդրեց մի փոքր ժամանակ տալ` «մի 6 ամիս»:

Իսկ ի պատասխան մեր դիտարկմանը, որ նման շարժումները Հայաստանում, որպես կանոն, ձևավորվում են ընտրություններից հետո, Սասուն Միքայելյանն ասաց. «Էս վիճակն ինչ-որ տեղ կպայթի, որովհետև, իմ կարծիքով, արտագաղթն ահռելի վիճակի կհասնի: Այն մասսան է մնացել, որ չի կարող արտագաղթել, և այդ ժողովուրդը պիտի ընդվզի, և ինձ չի թվում, որ այս իշխանությունն ինչ-որ փոփոխություններ կանի: Տեսեք` մի ամբողջ կառավարությունից 3 մարդ են փոխել, այսինքն` ի՞նչ է փոխվել, եթե երկիրը նորմալ վիճակում է, կողջունեինք, բայց եթե էս վիճակում է, ոչինչ չի փոխվում, նաև սոցիալ-տնտեսական վիճակը կվատանա, արտագաղթը կավելանա, և նման շատ բացասական բաներ: Ինչպե՞ս կարող է ինչ-որ բան չծնվել դրա արդյունքում, ինչ-որ շարժիչ, ընդդիմադիր ուժ»:

Տեսանյութեր

Լրահոս