
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը. Reuters

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջարկին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ուիթքոֆի առաջարկը, որը միջնորդների միջոցով փոխանցվել է ՀԱՄԱՍ-ին, նախատեսում է տասը իսրայելցի պատանդների ազատ արձակում, 70-օրյա հրադադար և Իսրայելի զորքերի մասնակի դուրսբերում Գազայի հատվածից։
Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունը նախատեսում է նաև, որ Իսրայելը կազատի մի շարք պաղեստինցի բանտարկյալների, որոնց թվում՝ հարյուրավոր երկարաժամկետ բանտարկյալների։ Բացի դրանից, հրադադարի ժամանակահատվածում կողմերը կսկսեն քննարկել մշտական հրադադարի ռեժիմը։
Մինչ այդ, Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը երկու անգամ զինադադար էին կնքել և իսրայելցի պատանդներին փոխանակել պաղեստինցի գերիների հետ։ Վերջին հրադադարն ավարտվել է մարտին։ Կողմերը չկարողացան դրա երկարաձգման շուրջ համաձայնության գալ։
Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը սկսվել է մայիսի 17-ին: Սակայն արդեն մայիսի 21-ին բանակցությունները փակուղի են մտել: