Փաստաբանին սպառնալու դեպքով քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել դատական նիստի ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին հնչած սպառանալիքների փաստով: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Լ.Սահակյանը, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի հատկանիշներով՝ Նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ փաստաբանի հասցեին հնչել էին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ, ինչը դատարանի կողմից անարձագանք էր մնացել:
Հիշյալ սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել էր, որ դատարանում նախկին քաղաքապետի կողմնակիցների կողմից իր պաշտպանյալի հարազատների ու ընկերների հասցեին սպառնալիքներ անընդհատ են հնչում, սակայն իր հասցեին դրանք հնչել են առաջին անգամ: Փաստաբանի կարծիքով՝ սպառնացող անձինք նպատակ ունեին դատարան հրավիրված վկայի՝ մտավոր հիվանդությամբ տառապող երեխայի վրա ճնշում գործադրել ու դատարանում գոռգոռոցներով ու սպառնալիքներով վախեցնել նրան: Երեխան մեղադրող կողմի համար առանցքային վկա է, ըստ գործի նյութերի, նա տեսել է, թե ինչպես է Հ.Սարգսյանը նստում Կարեն Եսայանի մեքենան:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով փաստաբանի հասցեին սպառնալիքների փաստով քրեական գործ հարուցել: Գլխավոր դատախազությունը դիմումն ուղարկել էր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին՝ հանձնարարելով փաստի առթիվ նյութեր նախապատրաստել։