«Վրացական կողմի հետ կոնյակագործների խնդրով ակտիվ քննարկումների մեջ ենք, Վրաստան իմ այցի դուռը փակ չէ». Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին կոնյակագործների բարձրացրած խնդրին, որը կապված է վրացական կողմի հետ։

Նա նշեց, որ ԱԺ-ում վերջերս հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է այցելել նաև Վրաստան՝ խնդիրը քննարկելու համար։

«Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք։ Իմ այցի հնարավորության դուռը դեռևս փակված չէ, բայց այս պահի դրությամբ չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը կարող է իրավիճակն այնպես փոխել, քան օնլայն շփումները: Մենք օրական պարբերաբար շփվում ենք։

Փակագծերը շատ չեմ բացի, բայց կասեմ, որ Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այսինքն՝ մթերում-արտահանում տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր կազմակերպիչներին, որոնք գործընթացում ներգրավված են՝ կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ սա կօգնի խնդիրների լուծմանը։ Նա նաև շեշտեց՝ այսօր կամ վաղը հանդիպում ունեն կոնյակագործների հետ։

Հիշեցնենք, որ հայ կոնյակագործները բողոքում են, որ Վրաստանի տարածքով կոնյակ արտահանելիս բեռները բացում են, ուղարկում են դրանք լաբորատոր փորձաքննության, չնայած այդ ապրանքը նախատեսված չէ Վրաստանի համար, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս