
Ընդդիմադիր ցույցերի ակտիվ մասնակցից ԲԴԽ գիտնական անդամ դառնալու կարճ ճանապարհը

Մայիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնականի 3 թափուր աթոռները համալրեցին ՔՊ-ի առաջադրած 3 թեկնածուները՝ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, ով գործազուրկ դարձավ այն բանից հետո, երբ Սրբուհի Գալյանը նշանակվեց նախարար, «նախկին ոստիկան, ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը և ՀՊՏՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, 1995-2000թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի առաջատար մասնագետ, 2016-2021թթ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, 2021-2022թթ. ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Աշոտ Հայրապետյանը:
Այս 3 թեկնածուներից հատկապես ուշագրավ էր պատերազմից հետո ընդդիմադիր բոլոր ցույցերի ակտիվ մասնակից, գործող իշխանությանը մտերիմների շրջապատում և հրապարակայնորեն, մեղմ ասած, սուր քննադատության ենթարկող Աշոտ Հայրապետյանի թեկնածության առաջադրումն ու ընտրությունը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:
Աշոտ Հայրապետյանն այն անձանցից է, ում մասին ասում են՝ «ՀՀՇ քնում է, ՕԵԿ արթնանում», կարողանում է հարմարվել ցանկացած նոր իրողության ու իշխանության, քծնել մարդկանց, ումից այդ պահին օգուտ կամ կախում ունի, ովքեր կարող են իր համար հարց լուծել, հետո արագորեն մոռանալ նրանց ու տեղավորվել նոր հովանու ներքո:
Օրինակ՝ կարո՞ղ է Աշոտ Հայրապետյանը հիշել՝ ինչպես ինքը դարձավ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր և հատկապես՝ ինչպես լքեց այդ պաշտոնը:
Իսկ կարո՞ղ է հիշել՝ ինչպես տեղավորվեց ՀՊՏՀ-ում (Ժողինստիտուտում,- Գ.Ս.), ինչպես սկսեց դասավանդել այնտեղ, ապա դառնալ աշխատակազմի ղեկավար:
Եվ քանի որ Աշոտ Հայրապետյանը չունի տաբուներ, կյանքը նրա համար դասավորվում է հրաշալի ցանկացած իրավիճակում:
Իսկ քանի որ ՔՊ-ն կադրերի սուր խնդիր ունի, ում անունը տալիս են, եթե հատկապես տվյալ անձը փոքր-ինչ տառաճանաչ է, արագորեն ներգրավում է իր շարքերում: