
Լարվածություն չունեմ, պատասխանատվություն ունեմ․ Համլետ Մանուկյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Համլետ Մանուկյանը գավաթի խաղարկության ունեցած հաղթանակը կապում է մարզչական շտաբի պրոֆեսիոնալ աշխատանքի հետ:
«Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա վարժություններս լավ կատարել ու դառնալ մեդալակիր: Եթե մարզիչները գոհ են արդյունքից, մենք էլ ենք գոհ: Դժվար էին աշխարհի գավաթի խաղարկության այս փուլերը, սակայն առավել մեծ աշխատանք պետք է կատարենք, որ Եվրոպայի առաջնությունում ավելի լավ մասնակցենք: Լարվածություն չունեմ, պատասխանատվություն ունեմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանուկյանը:
Վերջինս առանձնացրեց` յուրաքանչյուր մրցակից ուժեղ է և կարիք չկա ինչ-որ մեկին ընդգծել: «Մեզ պետք է, որ մրցաշարերին կատարենք մեր վարժությունն այնպես, ինչպես որ մարզումներին ենք կատարում»,-ասաց նա:
Համլետ Մանուկյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից 3-ում դարձավ ոսկե մեդալակիր և առաջին իսկ մասնակությունից դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր: