Բաժիններ՝

Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանը համարում են երկարաժամկետ սպառնալիք

Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի պետությունների համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապրիլի 24-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ 

«Մենք բոլորս ՆԱՏՕ-ում համաձայն ենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար՝ ողջ եվրաատլանտյան տարածքի համար», – լրագրողներին հայտնել է Ռյուտեն։

Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին, թեև Վաշինգտոնը նաև ավելի շատ  ուշադրություն է դարձնում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Այն կարծիքը, որ ՌԴ-ն երկար ժամանակ սպառնալիք կմնա, Մարկ Ռյուտեն բարձրաձայնել էր դեռ ապրիլի 4-ին, կազմակերպության կենտրոնակայանում կայացած ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ 

Deutsche Welle-ն նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտավախություն ունի, որ ապագայում Ռուսաստանը կկարողանա պատերազմներ մղել տիեզերքում՝ ընդ որում, միջուկային զենք կիրառելով արբանյակների դեմ։ 

«Մեզ հայտնի են այն հաղորդումները, որ Ռուսաստանը քննարկում է տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը», – հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 12-ին Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Մարկ Ռյուտեն նաև նշել էր, որ տիեզերքում Մոսկվայի հնարավորությունները ներկայում հնացել են և չեն համապատասխանում արևմտյան տեխնոլոգիաների զարգացման մակարդակին։ 

«Ահա թե ինչու տիեզերքում միջուկային զենքի զարգացումը Ռուսաստանի համար իր ներուժը մեծացնելու միջոց է։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում և կնշանակի 1967 թ. Տիեզերքի մասին պայմանագրի խախտում», – ասել էր Ռյուտեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս