Հոր գերեզմանի մոտ հայտնաբերել են որդու՝ Եղվարդի ոստիկանապետի դին՝ հրազենային վնասվածքով (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված Nissan մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ատոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ձեռքին է եղել նաև Макаров տեսակի ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրա հաշվեցուցակային զենքն է:
Նշվում է, որ Ա. Գեղամյանը աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն էր, կոչումով՝ գնդապետ: