
Ի՞նչ գործ ունեն «Ձորակի» աշխատակիցները Փարաքարում ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավին. փարաքարցի նախարարը ջանք ու եռանդ չի խնայում

Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններն իրական պատուհաս են դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի աշխատակիցների համար։
168.am–ի աղբյուրի հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի մտերմուհին՝ կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արաքսյա Վարդանյանը, աշխատանքային փակ խմբում ուղարկում է Փարաքար համայնքում ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի քարոզչական նյութերը և ստիպում աշխատակիցներին կիսվել իրենց էջերում։
Զավեշտն այն է, որ աշխատակիցներից և ոչ մեկը չի հանդիսանում Փարաքար համայնքի բնակիչ, ինչն էլ արտառոց ուշադրություն և հետաքրքրություն է առաջացնում նաև աշխատակիցների ծանոթ-բարեկամների շրջանում։
Փաստորեն, «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի գործավարը, բուժքույրերն ու ավագ բուժքույրերը, սանիտարները, տնտեսուհիները, ավագ խոհարարը և այլ աշխատակիցներ ունեն նաև հարակից այլ պարտականություններ, այն է՝ ակտիվորեն գովազդել Փարաքարի ՔՊ-ական թեկնածուին:
Կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Արաքսյա Վարդանյանը փաստացի կարողանում է աշխատակիցներին վախեցնելով և սպառնալիքի լեզվով ներգրավել ՔՊ-ի քարոզարշավին։
Վարդանյանը շաբաթ օրը հավաքել է աշխատակազմին և կենտրոնին պատկանող մեքենայով տեղափոխել Փարաքար համայնք՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի և այլ ՔՊ-ականների հետ քայլելու։ Աշխատակիցները, վախենալով, որ կզրկվեն աշխատանքից կամ լավագույն դեպքում՝ պարգևավճարից, ստիպված հարգել են տնօրենի «հորդորն» ու մասնակցել այս ամբողջ թատրոնին։
Իսկ Գյումրիում ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը խիստ նեղվել էր, որ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության՝ ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սրբազան պայքարի երիտասարդների հետ «Չե՛մ վստահում Նիկոլ Փաշինյանին» ակցիան էր իրականացրել Գյումրիում:
Այսինքն՝ ըստ Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ն իրավունք ունի ամբողջ Հայաստանից վարչական ռեսուրսի չարաշահմամբ մարդիկ տանել Գյումրի կամ Փարաքար՝ տեղերում ՔՊ-ի քարոզարշավի համար «մասսովկա» դառնալու համար, բայց Գառնիկ Դանիելյանն իրավունք չունի Գյումրիում ակցիա իրականացնել: