ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

Ազգային ժողովը մարտի 26-ի նիստում վավերացրեց Հայաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստացավ 96 կողմ, 1 ձեռնպահ ձայն։ Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը և ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաև ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և վեճերի լուծման մեխանիզմներ։

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջև ապրանքաշրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների շարժին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2023 թվականին ՀՀ և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 մլն ԱՄՆ դոլար։

Հայաստանի և Չինաստանի միջև առկա են քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի հարաբերություններ։ Հոնկոնգի հետ համաձայնագրի վավերացումը դիտարկվում է նաև որպես հավելյալ խթան՝ հայ-չինական համագործակցության ընդլայնման համար։

Համաձայնագիրը համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ և հազվադեպ է ենթարկվում փոփոխությունների։ Այն նախատեսում է նաև անձնական տվյալների փոխանցում կողմերի հարկային մարմիններին՝ հարկային թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։ Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն պահից, երբ կողմերը փոխանակեն դրա վավերացման մասին դիվանագիտական ծանուցումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31