Ավտովթար՝ Արաբկիր վարչական շրջանում

Այսօր՝ մայիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ГАЗ 24» մակնիշի 06 LU 918 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արղության 4-րդ փակուղու 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 հոգու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներն են մայրը՝ իր երեխաներով, որոնց առաջին օգնություն են ցուցաբերել շենքի բնակիչները, ովքեր վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վրաերթի ենթարկվածներն են՝ 34-ամյա Լիլիթը և նրա երեխաները՝ Աննան, Նորան, Գայանեն:
Նշված փողոցում այս պահին երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բնակիչները արդարացիորեն փակել են ճանապարհը երկաթյա «շուվիլերով», քանի որ նշված փողոցում առաջին դեպքը չէ, որ որոշ «վայ» վարորդներ ավտոմեքենաները վարում են «թևերը բացած»:

Բնակիչները պահանջում են, որպեսզի վթարի վայր ժամանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ավտոմեքենայի վարորդը, որը ներկայանում է՝ 47-ամյա Աշոտ Սարգսյան, ապրում է Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում:

Ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի ցուցումով՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ կան կասկածներ, որ վարորդի «կոկոնը տաքացրած է»:

Տեսանյութեր

Լրահոս