
«Աննա Հակոբյանին որևէ հարց տալու ցանկություն չունեմ. վարդենիսցին այդ ձևաչափով կրթվելու կարիք չունի». Դավիթ Շահնազարյան

Արդեն մի քանի օր է, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր՝ մարտի 21-ին, «Կրթվելը նորաձև է» շարժումը լինելու է Վարդենիսում, ցանկացողներին հորդորել է լրացնել հայտը և ներկայանալ միջոցառման։
«Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»,- գրել է Աննա Հակոբյանը։
168.am–ը «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց՝ թշնամու կրակի տակ ապրող վարդենիսցին որքանո՞վ է հետաքրքրված Աննա Հակոբյանի միջոցառմամբ։
Դավիթ Շահնազարյանը նախ ասաց՝ կրթությունը պետք է լինի ոչ թե նորաձև, այլ գիտալիքահեն։
«Կրթությունը նորաձևությամբ չեն մշակում։ Անձամբ ինքս իրենց կրթության կարիքը չունեմ, 2 բարձրագույն կրթություն ունեմ, իրենց միջոցառումն առհասարակ ինձ չի հետաքրքրում։
Ինչ վերաբերում է Վարդենիսի ու առհասարակ ամբողջ Հայաստանի անվտանգությանը և դրա ֆոնին իրենց նախաձեռնած միջոցառումներին, ապա յուրաքանչյուր երկրի իշխանություն առաջնահերթ մտածում է իր երկրի, ժողովրդի անվտանգության մասին։
Ցավոք, անվտանգության առումով մենք այսօր ապահովագրված չենք, մեր անվտանգությունը երաշխավորող իշխանություն չունենք, փոխարենը՝ իրենք խոսում են ինչ-որ անհասկանալի համաձայնագրերի մասին»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։
Նա մտավախություն ունի, որ այդ անհասկանալի համաձայնագրերից հետո կլինեն բանավոր պայմանավորվածություններ, որի մակարդակով էլ Հայաստանը կկառուցի իր արտաքին դիվանագիտությունը։
«Չեմ կարծում, թե այսօր վադենիսցիներին կհետաքրքրի այս միջոցառումը, որովհետև վարդենիսցին այդ ձևաչափով կրթվելու կարիք չունի։
Ինչպես ասացի՝ այս միջոցառումն ինձ չի հետաքրքրում, չեմ գնալու, Աննա Հակոբյանն էլ պետական պաշտոն զբաղեցնող չէ, նրան որևէ հարց տալու ցանկություն չունեմ»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում, Գեղարքունիքում հայկական զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից, փոխարենը՝ առաջ եկավ թշնամու զորքը, որի արդյունքում բազմաթիվ գյուղեր դարձան սահմանամերձ: