Բաժիններ՝

«Առավոտի» և «Հայկական ժամանակի» դեմ նախկին դատապարտյալի բողոքի քննության օրը հայտնի է

16 տարին չլրացածների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան «Առավոտ» և «Հայկական ժամանակ» թերթերի դեմ: Ըստ aravot.am-ի՝ նա վիճարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 7-ի՝ իր պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու համար նյութական եւ բարոյական վնասը բռնագանձելու համար իր հայցը մերժելու վճիռը:

Արդեն հայտնի է Ռ.Աբրահամյանի բողոքի քննության օրը. այն նշանակվել է մայիսի 22-ին, եւ կլսվի դատավորներ Գ.Մատինյան, Լ.Գրիգորյան եւ Ա.Թումանյան կազմով: «Առավոտը» ստացել է պետական տուրքի վճարումը հետաձգելու եւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դատարանի ապրիլի 22-ի որոշումը: Բողոքաբեր Ռ.Աբրահամյանը դատարանին հայտնել է, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, ծեր է, չի աշխատում, գտնվում է նյութապես ծանր վիճակում: Վերաքննիչ դատարանն էլ իր որոշմամբ արձանագրել էր, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է անհատի՝ դատարան դիմելու իրավունքն այն աստիճան կամ այն կերպ դժվարացնեն, որ դրանք վնաս պատճառեն այդ իրավունքի էությանը:

Դատարանը հետաձգել էր Ռազմիկ Աբրահամյանի պետական տուրքի վճարումը: Հիշեցնենք, նախկինում դատապարտված այս ծերունին դատի էր տվել 9 տարի առաջ պատասխանող լրատվամիջոցներում տպագրված ՝ «Առավոտի»՝ «Պեդոֆիլը կստանա՞ 2 տարի» եւ «Հայկական ժամանակի»՝ «62-ամյա պիդերաստը խոստովանել է իր մեղքը» հրապարակումների համար: Նա առաջին ատյանի դատարանում 2-ական միլիոն դրամ գումար էր պահանջում հոդվածագրերից, ապա դատական քննության ավարտին «իջեցրեց» թիվը՝ պահանջելով յուրաքանչյուրիցս 1-ական միլիոն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս