ԲՀԿ-ականների լռության գինը

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ԲՀԿ-ից ելույթ ունեցավ միայն կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ-ականների քաղաքական ակտիվությունն ակնհայտորեն սառել է: Ընդամենը երեք շաբաթ առաջ, այսինքն՝ ԱԺ նախորդ քառօրյայի հայտարարությունների ժամանակ, բոցաշունչ ելույթներ ունեցան միանգամից մի քանի ԲՀԿ-ականներ, ովքեր ամենադաժան քննադատության ենթարկեցին կառավարության ղեկավարին և այդ կառավարության գործունեության արդյունքները: Այս երեք շաբաթվա ընթացքում տեղի էր ունեցել մի կարևոր իրադարձություն. ԲՀԿ-ականների համար անընդունելի վարչապետը վերանշանակվել է: Բայց ոչ մի անդրադարձ դրան, ոչ մի վերաբերմունք:

Տիգրան Ուրիխանյանն էլ խոսեց Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հողատարածքների սեփականաշնորհման խնդրի մասին: Իհարկե, շատ կարևոր հարց է. մարդիկ այդ հողատարածքներն օգտագործում են, բայց չունեն սեփականության իրավունք, ինչը նշանակում է, որ ինչ-որ պահի կարող են զրկվել դրանց տնօրինման իրավունքից:

Բայց մինչ այդ ելույթ ունեցած ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը մի կարգին սադրել էր ԲՀԿ-ականներին՝ ասելով, որ շուկայում հայտնվել են կեղծ չինական ապրանքանիշեր, և, մասնավորապես, անդադառնալով ԲՀԿ-ին, ասել էր, թե իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի ԲՀԿ-ն է: Այլ պարագայում Ուրիխանյանը Կարեն Ավագյանին քաղաքական դիակ կդարձներ՝ հերիք չէ, կկարդար նաև քաղաքական դիակի մահախոսականը և հանդիսավոր հյուղարկավորություն կկազմակերպեր: Բայց նա չտրվեց սադրանքին և հայտարարեց, որ մտադիր չէ պատասխանել վիրավորանքներին:

Ի՞նչ է կատարվել ԲՀԿ-ականների հետ, ինչո՞ւ են նրանք համազգային խնդիրներից կտրուկ անցում կատարել նեղ համայնքային խնդիրներին, ինչո՞ւ են որոշել անտեսել վիրավորանքները և քրիստոնեական ներողամտություն դրսևորել իրենց վիրավորողների նկատմամբ: Այս հարցերի պատասխանն ավելի քան պարզ կարող է լինել. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ պայմանավորվածության է եկել իշխանության հետ, և իր կուսակցության անդամներին հրահանգել է ավելորդ ակտիվություն չդրսևորել և չսրել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները:

ԲՀԿ-ականների լռությունը և տոլերանտությունը հաստատ գին ունի, իսկ թե ինչպիսին է այդ գինը, կիմանանք միայն Երևանի ավագանու ընտրություններից և կառավարության կազմի ձևավորումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս